ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար»

«Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի,  կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար»
18.03.2014 | 00:56

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Գրիգորյան, որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ ներքին գործերի, ազգային անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի նոր փոխնախագահ, Ձեր իրավահաջորդ Աբրահամ Մանուկյանին:
-Անկեղծ ասած, ես դա այնքան էլ առանցքային պաշտոն չեմ համարում:
-Էդ ո՞նց, երեք ուժային կառույցների համադրույթ է այն և` կիսապատերազմական երկրում: Էլ չեմ ասում, որ այդ հանձնաժողովի կնքահայրերից մեկը հենց Վազգենն է եղել, որն էլ մահապարտների թիմ ձևավորեց էս երկրում:
-Դե, ինչ վերաբերում է Աբրահամ Մանուկյանի կրթությանը, կարծում եմ` իր մասնագիտական կրթությունն այլ է, ինքն այլ տեղ է աշխատել:
-Այլ տեղ չէ, «Հայկոոպն» է:
-Կապ չունի, ինքը խելացի մարդ է, և կարծում եմ` շատ արագ կկողմնորոշվի:
-Արդեն «կողմնորոշված» է. ասում են՝ բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին շատ մեծ ծառայություններ է մատուցել որպես շտաբի ղեկավար, և ՀՀԿ-ն «արժանվույնս» է գնահատել նրան` այս քայլով:
-ՀՀԿ-ի՞ն:
-Այո, այո, չեմ սխալվում` ՀՀԿ-ին, որին պատկանող սոցապնախարարությունում էլ նրա որդին աշխատանքի տեսչությունն էր տևական ժամանակ ղեկավարում:
-Աբրահամը «Բարգավաճի» շտաբի պետն է եղել Երևանի քաղաքային ընտրությունների ժամանակ ու ամեն ինչ արել է մեր կուսակցության հաղթանակի համար:
-Բայց չհաղթեցիք, չէ՞:
-Կներեք, ես զինվորական եմ և սովոր եմ պատասխանել էն հարցերին, որոնք իմ ոլորտից են և վերաբերում են ինձ, ոչ թե այլոց:
-Լավ, այդպես «վարվենք». պարոն Գրիգորյան, Դուք ԲՀԿ-ական եք, Ձեզ դո՞ւր է գալիս ձեր կուսակցությունը:
-Գիտե՞ք` ոնց. ամբողջ կյանքում ես ոչ մի անգամ ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել: «Բարգավաճ» կուսակցությունն առաջինն է, որին ես անդամակցել եմ աշխատանքից դուրս գալուց, զինվորական ծառայությունն ավարտելուց, թոշակի անցնելուց հետո:
-Ձեր ինչի՞ն էր պետք այդ տարիքում կորցնել կուսակցական, կներեք, անաղարտությունը:
-ՈՒզում էիք ասել` կուսությո՜ւնը: Եթե այդ տեսանկյունից նայենք, ես արդեն այն կորցրել էի:
-Մարտի մե՞կը նկատի ունեք:
-Չէ, հետո էլ կարծում եմ, ու Դուք էլ, երևի, գտնում եք, որ Մարտի մեկը «բլից» թեմա չէ:
-«Գտնում եմ»: Իսկ Դուք ճանաչո՞ւմ եք Անի Զաքարյանին:
-Չէ: Դե, երիտասարդ աղջիկ է, որոշել է կուսակցություն ստեղծել, այդ կուսակցությամբ առաջ գնալ, կարծում եմ` դա նորմալ է:
-Կարծում եք` երիտասա՞րդ է: Քանի՞ տարեկաններն են Ձեզ համար երիտասարդ, որպես օրինաչափություն:
-Գիտե՞ք, ես հիսուներեք տարեկան եմ և համարում եմ, որ դեռ երիտասարդ եմ, մարդը ծերանում է տարիներով, բայց հոգով չի ծերանում:
-ՈՒրեմն, պարոն Գրիգորյան, մենք համատեղ «եկանք» երկու խոշոր-ռազմավարական կարծիքի՝ մեկը Մարտի մեկի հարցով, մյուսն էլ այն, որ Կարեն Ավագյանը շատ երիտասարդ է, ի տարբերություն Ձեր մյուս կուսակիցների, որոնք պնդում են, թե քառասուն տարեկան Կարեն չի լինում, կներեք, երիտասարդ չի լինում:
-Ես Կարեն Ավագյանին որպես պատգամավոր եմ ճանաչում, ինքը երիտասարդ պատգամավոր է, ՀՀԿ երիտթևի ղեկավարն է, համարում եմ իրեն գրագետ, խելացի երիտասարդ:
-Իսկ նրա գրասենյա՞կը. գիտե՜ք, ինքն իդենտիֆիկացված է ոչ միայն մեթան գազի, այլև իր գրասենյակի հետ:
-Ինչի՞ հետ, մեթան գազի՞, ի՞նչ գրասենյակի մասին է խոսքը, հանրապետական կուսակցությա՞ն…
-Դե չէ՜, պարոն Գրիգորյան, ինչպիսի անտարբերություն ու չտեղեկացվածություն ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի խոշոր ձեռնամարտի, «հարբած փղերով» Տղմուտի ափին արյունարբու պատերազմների մասով. պարոն Կարեն Ավագյանն ունի գրասենյակ, ուր լիքը փողեր կան, ու ԲՀԿ-իստները առավոտ կանուխ են վեր կենում, որ այդ փողերը հաշվեն ու հաշվեն: Էլ չեմ ասում, որ Կարեն Ավագյանի գրասենյակը համարժեք է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին, որտեղից Կարենը պատասխանում է Քոչարյանին:
-Տեղյա՜կ չեմ: Ծանո՜թ չեմ: Չգիտե՜մ: Ես զինվորական եմ, ինձ հետ կապված հարցերին կարող եմ պատասխանել:
-Լավ, էլի Ձեր մասին հարց. Դուք ուզո՞ւմ եք, որ Քոչարյանը վերադառնա:
-Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար:
-Ասում են` Դուք իր մարդն ենք:
-Չէ, ես իմ կնոջ, Անահիտի մարդն եմ: Պարզապես, ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ` իր ենթակայության տակ, և համարում եմ նրան լավ նախագահ:
-Հանդիպո՞ւմ եք նրա հետ:
-Չէ, իր գնալուց հետո երբեք չեմ հանդիպել. վերջին անգամ միջոցառումներից մեկի ժամանակ հեռվից տեսել եմ:
-«Արեգակին պետք է հեռվից նայել, կայրի, եթե շատ մոտենաս», պարո՜ն Գրիգորյան:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ